Ս․ թ․ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը տեղի ունեցավ Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան ժամանեցին այնպիսի հռչակավոր թատրոններ, ինչպիսիք են Եվրոպայի թատրոն կոչումը կրող փարիզյան Օդեոնը, Ռուսաստանի գլխավոր դրամատիկական թատրոնը՝ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Փառատոնը հյուրընկալեց թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից։ Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Օդեոն թատրոնի մասնակցությանն աջակցել են Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում և «Ակբա բանկը»։ «Արմենիա Վայն» ընկերությունը, որ փառատոնի աջակիցներից է, ստեղծել է փառատոնի անունը կրող հատուկ գինի։