Պետական կարգավիճակ ունեցող հայկական առաջին թատրոնը հիմնադրվել է Երևանում 1921 թվականի օգոստոսի 16-ին և հենց այդպես էլ կոչվել է՝ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թվի հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Իսահակ Ալիխանյան): Թատրոնի առաջին վարագույրի վրա պատկերված է եղել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» կտավը, որ տասը տարի վարագույր ծառայելուց հետո դարձել է մեծանկար և այժմ զարդարում է թատրոնի հիմնական ճեմասրահը:
Առաջին պետական թատրոնի կազմավորման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել հայտնի քաղաքական գործիչներ՝ Ստեփան Շահումյանը, Պողոս Մակինցյանը, Ասքանազ Մռավյանը, թատրոնի առաջին տնօրեն՝ Մամիկոն Գևորգյանը, առաջին գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Քալանթարը և այլոք:
Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ» – սա կառույցի ամբողջական էությունը բնորոշող լավագույն ձևակերպումն է: